Տավուշի Բարեկամավան համայնքը պատրաստ է մինչև 10 արցախցի ընտանիք ընդունել

Բարեկամավան
Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը պատրաստ է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թ. հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400–500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ:
Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։