ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «Միջին միջանցքի» իրականացման կարևոր համաձայնագիրը կստորագրվի 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը «Պիրվելի արխիի» (Առաջին ալիք) եթերում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
TMTK-ն միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքի, Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ:
«Անցյալ շաբաթ մենք ունեինք պատվիրակություն, որի հետ աշխատել ենք համաձայնագրի նախագծի վրա։ Նախատեսում ենք այն ստորագրել հաջորդ տարվա սկզբին», - ասել է Դավիթաշվիլին։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կսահմանի երկրների կոնկրետ դերը միջանցքի զարգացման գործում։ Նախարարը հիշեցրել է, որ միջանցքի նախագծի իրականացման հարցում խիստ շահագրգռված է Չինաստանը։ Նա նաև հիշեցրել է, որ «Միջին միջանցքը» Արևելքի ու Արևմուտքի, Եվրոպայի ու Ասիայի միջև ամենագրավիչ և հուսալի տրանսպորտային հաղորդակցությունն է:
Հիշեցնենք, որ մինչև վերջերս Երևանը չէր տեղավորվում «Միջին միջանցքի» նախագծում ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը երթուղուն միանալու մի քանի առաջարկ է ստացել ինչպես Անկարայից, այնպես էլ Թբիլիսիից։
Տեսականորեն մեր երկիրը կարող էր դառնալ «Միջին միջանցքի» մի մաս, եթե ավարտվեր «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը։ Սակայն գործնականում առավել ընդունելի է երկաթուղային ճյուղի միջոցով Երևանի միացումը նախագծին։ Երևանը կարող է միանալ «Միջին միջանցքին» Կայան-Հրազդան ճյուղով։
Այսպիսով, Չինաստանից բեռները Կասպից ծովով կտեղափոխվեն Ադրբեջան, այնտեղից ճյուղով դեպի Հայաստան, այնուհետև Թուրքիա (Ախուրիկի միջոցով)։ ТМТК -ի առանձին ճյուղավորումը հնարավոր է Վրաստան և Իրան (Սյունիքի մարզում երկաթուղու վերականգնման դեպքում): Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից ապրանքները կարող են տարաներով առաքվել մինչև իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև Իրանից Հայաստան և այնտեղից Եվրոպա՝ Սևծովյան ավազանի նավահանգիստներով։ Այս դեպքում Հայաստանը դառնում է վերջնակետ ոչ միայն առանձին երկրների, այլև տրանսպորտային միջանցքների համար։