42-ամյա Ալիկը հոգ է տանում ձկների, թութակի մասին, խնամում պարտեզի ծաղիկները, անգամ լամպերը փոխելու համար նրա օգնությանն են դիմում։ Նա ամեն ինչ կարողանում է անել, միայն թե նրան հասկանալ է պետք։ Ալիկն ունի մանկական ուղեղային կաթված, լսողության սուր խանգարում, և արդեն 24 տարի է՝ նա «Փրկություն» ցերեկային խնամքի կենտրոն է հաճախում, ճիշտ այնքան, որքան գոյություն ունի կենտրոնը։
Ալիկը
© Sputnik / Aram Nersesyan
Թեպետ ենթադրվում է, որ կենտրոնի շահառուները պետք է մինչև 35 տարեկանները լինեն, բայց տարիքը լրանալուց հետո էլ կենտրոնի դռները նրանց առջև չեն փակվում։
«Չես կարող մարդուն ասել՝ գնա, էլ չգաս։ Մեր իրականության մեջ իրենք գնալու ուրիշ տեղ չունեն»,- ասում է ՀԿ–ի նախագահ Արփինե Աբրահամյանը, որի համար կենտրոնն այս տարիների ընթացքում երրորդ երեխան է դարձել։
Արփինե Աբրահամյանը
© Sputnik / Aram Nersesyan
Սա ապահով վայր է, որտեղ ծնողը կարող է թողնել իր երեխային, ինքն էլ աշխատանքի գնալ, զբաղվել կենցաղային հարցերով և այլն։ ՀԿ–ի նախագահը շեշտում է՝ այս կենտրոնի շնորհիվ նաև տասնյակ երեխաներ ընտանիքում ապրելու հնարավորություն են ստացել։ Հաճախ ծնողը ստիպված է լինում մտավոր հաշմանդամություն ունեցող երեխային մանկատանը կամ գիշերօթիկ դպրոցում տեղավորել, քանի որ օգնող չունի, իրեն էլ աշխատել է պետք։
Հիմա կենտրոնը շուրջ 60 շահառու ունի, ամենակրտսերը 17 տարեկան է, ամենամեծը՝ 43։ Նրանք կա՛մ Դաունի համախտանիշ ունեն, կա՛մ մտավոր զարգացման հապաղում, կա՛մ ՄՈւԿ, որը մտավոր կարողությունների վրա է ազդել։ 7 խմբակ է գործում՝ ձեռագործության, մաքրամեի, դիզայնի, տիկնիկագործության, նկարչության, պարի, կավագործության։ Ամիսներ առաջ սկսեցին նաև էկո տոպրակներ պատրաստել, որը դեռ խմբակի կարգավիճակ չի ստացել։ Նախկինում նաև թատերական խմբակ էր գործում, որը փակվեց։ Կենտրոնի շահառուները միաժամանակ տարբեր խմբակներ են այցելում։ Նպատակն է փորձարկել հմտությունները՝ նրանց թաքնված տաղանդը բացահայտելու համար։ Ոմանց համար սա կարող է նաև տնայնագործություն և գումար վաստակելու միջոց լինել։
«Օրինակ` Ալիկի խնդիրը թույլ է արտահայտված, եթե մի օր ինքն այլևս չցանկանա մեր կենտրոն գալ, կարող է իր փոքրիկ գործն ունենալ, ինքնուրույն ապրել»,- ասում է տիկին Աբրահամյանը։
Ալիկը տարբեր խմբակների է մասնակցում, հիմա ակտիվ ներգրավված է էկո տոպրակների արտադրության գործում, խմբակիցները հաճախ ոչ թե ուսուցչից, այլ հենց Ալիկից են խորհուրդ հարցնում՝ ինչպես կտրել, ինչպես սոսնձել։
Ընկեր Քրիստինեն տիկնիկագործության խմբակն է վարում, «Փրկության» ընտանիքին միացել է ամիսներ առաջ։ Հեշտ գործ չէ, բայց շատ դրական հույզ ու էներգիա է տալիս։
«Երբ նոր եկա, զարմացած էի, թե ինչքան պատրաստակամ են մեկմեկու օգնել։ Երեխաներից մեկն ունի հենաշարժողական խնդիր, դասի ավարտից հետո մոտենում են, որ օգնեն մյուս սենյակ գնալ կամ ճաշարան»,- պատմում է Քրիստինեն։
Ընկեր Քրիստինեն
© Sputnik / Aram Nersesyan
Ինչ վերաբերում է խմբակին, ապա սա երեխաների արտթերապիա է` և՛ նյարդերն է հանգստացնում, և՛ մատորիկան է զարգացնում, համագործակցել են սովորում։ Սա շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից. երեխաները հասկանում են, որ օգտակար գործ են անում, սկսում են հավատալ սեփական կարողություններին։
«Մեր երեխաներից մեկի ձեռքերը դողում են, սոսնձել չի կարող, մենք էլ իրեն թել ենք տալիս, որ փաթաթի, ասում ենք՝ դու դա շատ լավ ես անում։ Այնպես ենք մատուցում, որ դու այս ինչ բանն ես լավ անում, այն մեկն էլ՝ մի ուրիշը»։
Ամանորի նախաշեմին կենտրոնի սաների ձեռքերով պատրաստածները կարող են տոնական յուրահատուկ անակնկալ դառնալ, ուրախացնել ու ջերմացնել ոչ միայն նվերների հասցեատերերին, այլև նրանց` ստեղծողներին։