ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիացիների մոտ 23 տոկոսը պլանավորում է Սուրբ ծննդյան տոնին նվեր ստացած անպետք կամ ավելորդ նվերները վերավաճառել։ Այս մասին գրում է ֆրանսիական Figaro թերթը՝ վկայակոչելով Kantar ինստիտուտի անցկացրած հարցումը: Այս հետազոտությունն անցկացվում է տարիներ շարունակ, և սա վերջին տասը տարվիների ռեկորդն է։
«2023 թվականի Սուրբ ծնունդին ֆրանսիացիների գրեթե մեկ քառորդը (23%) նախատեսում է դիմել ավելորդ նվերների վերավաճառքի պրակտիկային, որը մինչ օրս քիչ թե շատ տաբու էր մնում։ Հետազոտության տվյալներով՝ խոսքը 9,5 միլիոն մարդու մասին է։ Նման ցուցանիշ չի եղել 2011 թվականից՝ ամենամյա հետազոտության մեկնարկից ի վեր»,- ասված է հոդվածում։
Նշվում է, որ նվերները վերավաճառելու պատրաստ ֆրանսիացիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,5 միլիոնով։
Նվերները վերավաճառելուն առավել հակված են ամենացածր գնողունակությամբ շրջաններում ապրող ու երեխաներ ունեցող 25-44 տարեկան քաղաքացիները։
Հարցվածների 42%-ը նշել է, որ վերավաճառքի դեպքում մտադիր է պահպանել գումարը, 30%-ը՝ դրա օգնությամբ հոգալ սուրբծննդյան ծախսերը, իսկ 29% - ը վաճառքից ստացված միջոցները կօգտագործի ավելի հարմար նվեր գնելու համար: