ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. «Ալ Քասամ» բրիգադի (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտարարել է, որ իսրայելական գնդակոծության պատճառով շարժումը կորցրել է կապը իսրայելցի հինգ գերիների համար պատասխանատու խմբի հետ։ Ենթադրվում է, որ նրանք սպանվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բարբարոսական սիոնիստական ռմբակոծության հետևանքով մենք կորցրեցինք կապը հինգ սիոնիստ գերիների համար պատասխանատու խմբի հետ։ Ամենայն հավանականությամբ, գերիները սպանվել են Գազայի հատվածի ուղղությամբ սիոնիստական հարձակումներից մեկի ժամանակ»,- ասված է Ուբեյդայի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: