ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արարատի մարզում` Երասխ-Պարույր Սևակ ավտոճանապարհին, վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 1-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 11։45-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 61-ամյա Գ․ Դ․ -ի վարած «VAZ» և 69-ամյա Ի․ Ն․-ի վարած «Iveco» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ»-ի վարորդը և 31-ամյա ուղևոր Տ․ Մ․-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Տ․ Մ․- ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գ․ Դ․-ն մահացել է։