Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Սիմոնյան

Ադրբեջանի և Հայաստանի դրոշներ
ԱԺ նախագահի կարծիքով՝ սահմանազատման հարցի քննարկումը կարող է տարիներ տևել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարելի է սահմանազատման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից։
«Մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար, նույնիսկ տարիներ տևել։ Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, կարծում եմ` այո՛, ինչ-որ հարցեր ֆիքսելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց, հասարակություններին խաղաղության մթնոլորտ բերելուց հետո կարող է նման բան լինել»,- հայտարարեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։