ՌԴ–ն և ՀՀ–ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան

Սերգեյ Կոպկիրկին
Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես հարցեր կան` կապված պետական պաշտպանական պատվերի կատարման գծով ռուսաստանյան ձեռնարկությունների պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի ճյուղային գերատեսչությունների երկխոսության միջոցով»,– նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Կոպիրկինի խոսքով` երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ–ի և ՀՀ–ի միջև 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։