Արցախի պետական ինստիտուտները լուծարված չեն. Շահրամանյանը` երկրի պաշտոնյաներին

Սամվել Շահրամանյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Այս մասին Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ ասել է երկրի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Սամվել Շահրամանյանն իր խոսքում անդրադարձել է վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին։ Նա ընդգծել է` Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրներին առնչվող հարցեր, և դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:
Արցախի նախագահը շեշտել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, իսկ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:
Հիշեցնենք, որ Արցախի պետական մարմինների ղեկավարները շարունակում են հասարակական հիմունքներով պաշտոնավարել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։