Ամանորի նախաշեմին Վելիկի Ուստյուգից Հայաստան է ժամանել Ռուսաստանի գլխավոր հրաշագործ Ձմեռ պապը։
Նա այցելել է «Ռուսական տուն» (որի նախաձեռնությամբ էլ ժամանել է), որտեղ նրան ուրախացրել են երգ ու պարով։ Այնուհետև Ձմեռ պապը շնորհավորել է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցի սաներին և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին։ Ձմեռ պապը շրջել է Երևանի փողոցներով, լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ։
Իր հեքիաթային ուղևորության ժամանակ ձմեռային հրաշագործը եղել է ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Մեծամորում և Գավառում։ Այնտեղ նա այցելել է մանկատան երեխաներին, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել առողջություն և իղձերի իրականացում։ Երեխաներին նա Վելիկի Ուստյուգ է հրավիրել` խոստանալով նրանց էքսկուրսիա անցկացնել իր կալվածքով։
Նշենք, որ Վելիկի Ուստյուգում Ձմեռ պապի գրասենյակ է գործում` թանգարանով, արհեստանոցներով, Ձմեռ պապի փոստով։ Դեկտեմբերի վերջին օրերին Ձմեռ պապն, ավանդույթի համաձայն, ամանորյա տոների նախաշեմին լքում է իր անտառային նստավայրը։