ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև առավել սուր հակասությունները լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Ելույթ ունենալով օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը` գեներալը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Անդրկովկասում իրավիճակը դեռ լարված է, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։
Նա անդրադարձել է նաև ԼՂ–ում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքին` նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղափոխումը զորախմբի տեղակայման վայրեր, այնուհետև տարածաշրջանի գրեթե ամբողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստանի տարածք։
Բացի այդ, խաղաղապահների ավիացիոն տրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել գրեթե 300 վիրավոր։ Միաժամանակ ռուսական զորախումբը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։