Լոռիում գազատար ավտոցիստեռնի կողաշրջվելու հետևանքով մահացել է 60-ամյա վարորդը

Կողաշրջված ավտոցիստեռնը
Ավտոցիստեռնի կողաշրջվելու հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Լոռիում գազատար ավտոցիստեռնի կողաշրջվելու հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանիփակ է, քանի որ ավտոցիստեռն է շուռ եկել։
Ճգնաժամային կառավարման կենտրոնն առավոտյան 07։35-ի սահմաններում է ահազանգ ստացել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենզատար ավտոցիստեռնը կողաշրջվել է, կա տուժած, իսկ ճանապարհը երկկողմանի փակ է։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին 60-ամյա Ա․ Կ․ -ի վարած «MAN» մակնիշի գազատար ավտոցիստեռնն է կողաշրջվել և ամբողջությամբ փակել ճանապարհը. վարորդը մահացել է։
Փրկարարներն ու Ալավերդու ՃՇՇ աշխատակիցները մեքենան հեռացրել են երթևեկելի հատվածից։ Ավտոճանապարհը կրկին երկկողմանի երթևեկելի է։