Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից արդեն իսկ հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ դեռ 2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։
Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով սոցիալական ցանցերով տարածվող գովազներում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։
«Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են ոչ միայն վերջիններիս կողմից որպես ներդրում կատարված, այլև նրանցից տարբեր պատրվակներով ստացած գումարները»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է ներդրում կատարելուն ուղղված ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ նախ ստուգել դրա հավաստիությունը, զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող և չափազանց գրավիչ ու որևէ տեսակի ջանասիրություն ու աշխատանք չպահանջող առաջարկներին արձագանքելուց:
Նշվում է , որ պետք է ներդրումային առաջարկ անող ընկերություններն ունենան Կենտրոնական բանկի կամ իրական բանկերի ու կազմակերպությունների միայն պաշտոնական կայքերում տեղադրված և փաստացի առկա լիցենզիա։