Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամսով. դատարանը հրապարակեց վճիռը

Ավետիք Չալաբյանը կալանքի տակ է մայիսի 14–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, հրապարկեց դատավճիռը։
«Չալաբյանին արգելվում է մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության վայրը փոփոխել»,–վճիռը կարդաց Մարտիրոսյանը։
Դատավճռի հրապարակումից հետո փաստաբան Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։ Նրա խոսքով` իրենց կանխատեսումներն ու ենթադրությունները իրականություն դարձան վերջնական դատավճռով։
«Ավետիք Չալաբյանին փորձում են հեռու պահել քաղաքական գործընթացներից, որպեսզի նա չմասնակցի որևէ հավաքի կամ համանման միջոցառման, ինչը և ուղիղ հավաստում է, որ այստեղ քրգործ ի սկզբանե չի եղել, այլ իրականացվել է քրեական հետապնդում, զուտ նրան մեկուսացնելու և քաղաքական գործընթացներից վերջնականապես հեռու պահելու համար»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։