ՀՀ դատախազությունը Դմիտրի Սետրակովին ՌԴ-ին արտահանձնելու միջնորդություն չի ստացել

ՀՀ գլխավոր դատախազություն
Իրավապաշտպանի հաղորդած տեղեկությունները ստուգվում են, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն չի ստացել, նման միջնորդություն չի քննարկվել և չի բավարարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության մամուլի ծառայությունը։
«Դմիտրի Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին։
Իրավապաշտպանի տեղեկություններով՝ Սետրակովը պայմանագրային զինծառայող է եղել, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Հայաստան։ Սաքունցը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշելով, որ ռուսական ռազմական ոստիկանները ՀՀ տարածքում որևէ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու ձերբակալելու իրավունք չունեն, նրանց գործողություններն անօրինական են։ Նա նաև հայտնել էր, թե անձամբ է զանգահարել ռազմաբազա, որտեղ հաստատել են՝ տղամարդը ձերբակալված է, բազայի տարածքում գտնվող քննչական բաժինը պետք է քննություն անցկացնի, մեղավոր ճանաչվելու դեպքում Սետրակովն իր պատիժը կկրի Ռուսաստանի Դաշնությունում։
Դատախազությունից հայտնում են, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպանի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը: