Հայաստանում 2024 թ–ին գազի սակագինը չի փոխվի. «Գազպրոմ Արմենիա»

Ռուսաստանը գազի գինը թողել է նույնը, Հայաստանի ներսում գնագոյացման գործոնները ևս էապես չեն փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, որը հաստատում է սահմանին Հայաստանի համար գազի գործող գինը՝ 1000 խմ–ի դիմաց 165 դոլար: Հակոբյանի խոսքով` գնագոյացման գործոնները երկրի ներսում նույնպես էապես չեն փոխվել։
Հայաստանը կարող է գազի դիմաց ռուբլով վճարել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես վստահեցրել էր, որ գազի գիօ փոփոխություն չի լինելու:
Նշենք, որ 2022–ի ապրիլի 1–ին ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացավ 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չփոխվեց` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։ Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։