ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին պետք է պաշտոնի նշանակի և ազատի ՀՀ վարչապետը։ Օրենքի նման փոփոխություն է առաջարկում ՀՀ արդարադատության նախարարությունը։
Փոխնախարար Արմինե Հարությունյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում օրենքում փոփոխությունների առաջարկն անելիս հիշեցրեց, որ գործող օրենքով այդ նշանակումն ու ազատումը այսօր իրականացնում է ՀՀ նախագահը։
«Պետական կառավարաման համակարգի մասին օրենքի 5–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին համաձայն` ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները, ներկայիս կարգավորումների համաձայն, պաշտոնին նշանակվում և ազատվում են նախագահի կողմից։ Նախագծերի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումն իրականացվի վարչապետի կողմից` ծառայության վերջինիս ենթակա լինելու հանգամանքը հաշվի առնելով»,–ընդգծեց Հարությունյանը։
Փոխնախարարը շեշտեց, որ փոփոխությունը վերաբերում է կոնկրետ ԱԱԾ տնօրենին և իր տեղակալներին, այսինքն` վարչական պաշտոն զբաղեցնող անձանց և որևէ կերպ չի առնչվում ԱԱԾ մյուս ստորաբաժանումների աշխատակազմին։
«Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնողներ, իսկ ԱԱԾ մյուս պաշտոնյաները զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք»,–նշեց նա։
Հարությունյանը հավելեց, որ փաստացի օրենքի ընդունումից հետո զինվորական ծառայությունից դուրս են մնալու միայն ԱԱԾ տնօրենն ու տեղակալները։
Փոփոխությունները ենթադրում են, որ ԱԱԾ տնօրենի և տեղակալների պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ չի լինի ունենալ համապատասխան կոչում:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց փոփոխություններին: