ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. 2024 թվականին ՀՀ կառավարությունը գիտական սարքերի ձեռքբերման համար ավելի շատ գումար կհատկացնի, քան 2018-22 թվականներին միասին վերցրած։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստում:
Նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ, պատվիրակություններ Ավստրիայից, Չեխիայից, Հունաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից, ինչպես նաև Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից:
Վարչապետն ուշադրություն է հրավիրել 1943թ. դեկտեմբերին Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադրման կարևորագույն արդյունքներից մեկի վրա։ Այստեղ իրականացվող գիտական հետազոտությունները նպաստեցին հանրապետության ինդուստրալիզացիային: Այժմ կառավարության երկարաժամկետ նպատակն է հիմքեր դնել երկրի վերաինդուստրալիզացիայի համար։
Փաշինյանը հայտարարել է, որ չնայած բոլոր դժվարություններին, երկրի գիտական ներուժը սպառված չէ: Նա հիշեցրել է, որ 2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ Հայաստանի գիտական ոլորտի ֆինանսավորումը կաճի 2,8 անգամ։
Այսպես, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է գիտնականների աշխատավարձերի բարձրացման ծրագիրը, որը կշարունակվի մինչև 2026-ը։
Արդյունքում, լաբորանտ– ճարտարագետի աշխատավարձը 2024 թ. կավելանա 78 տոկոսով, ավագ գիտաշխատողինը՝ 203 տոկոսով, առաջատար գիտաշխատողինը՝ 267 տոկոսով, գլխավոր գիտաշխատողինը՝ 262 տոկոսով և այսպես շարունակ։
Ավելանում է նաև դրամաշնորհների քանակը, որոնք գիտական խմբերը ստանում են մրցութային հիմունքներով։ 2023 թվականին դրանց գումարային ծավալը կազմել է 8,4 մլրդ դրամ, 2024 թվականին այն կկազմի 9,3 մլրդ դրամ և կբաշխվի մոտ հազար գիտնականների շրջանում։
Արդյունքում, հանրապետությունում գիտաշխատողների թիվը 2022-23 թվականներին աճել է գրեթե 300-ով, ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ցածր է։
Վարչապետը նաև նշել է, որ 2018-22 թվականներին կառավարությունը մոտ 5 մլրդ դրամ է հատկացրել նոր գիտական սարքերի գնման համար, իսկ միայն 2024 թվականին նախատեսված է 7,1 մլրդ դրամ։
Վարչապետը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է պրոֆեսորներ Ալեքսանդր Սալային (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), Իզաբել Բարաֆին (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա) և Ադամ Բարոուզին (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ): Հիշեցնենք, որ մրցանակն ու մեդալը շնորհվում են երկու տարին մեկ անգամ՝ ֆիզիկամաթեմատիկական հետազոտություններում ունեցած ձեռքբերումների համար: