ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականը 2023 թվականին տարբեր մրցաշարերում նվաճել է 17 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե մեդալներ, օլիմպիական 1 ուղեգիր։ Այս մասին այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Անցնող տարվա ընթացքում հայ մարմնամարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են 36 մեդալ, որոնցից 17-ը ոսկե, 8 արծաթե և 11-ը բրոնզե։ Բացի այդ մեր հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ձեռք է բերել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր»,–հայտնեց մարզիչը։
Հակոբ Սերոբյանի խոսքով` 2024 թվականին մեր ընտրանին ձգտելու է ևս մեկ ուղեգիր նվաճել մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը։
Եկող տարի աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլ է կայանալու, և դրանցից մեկը Բաքվում։ Առայժմ պարզ չէ, թե մեր մարզիկները կմասնակցեն այդ մրցումներին, թե ոչ։ Կայանալու են նաև Եվրոպայի մեծահասակների ու երիտասարդների առաջնությունները։ «Մի խոսքով` մարզիկները լավ մարզավիճակ ձեռք բերելու լայն հնարավորություն ունեն»,–ասաց գլխավոր մարզիչը։
Արդեն իսկ պարզ է, որ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար օղակների վրա հանդես կգան Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգթափերում՝ Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը։
Ինչ վերաբերվում է Արթուր Դավթյանի ելույթներին օլիմպիական խաղերում, ապա միակ խնդիրը հայ մարմնամարզիկի վնասվածքն է, որն աստիճանաբար ապաքինում է, և օլիմպիական խաղերում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի միակ նպատակը Փարիզ-2024-ի ոսկե մեդալը նվաճելն է։