Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից

ԱՊՀ երկրների դրոշները. Արխիվային լուսանկար
Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։
Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։
«Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամները երկուշաբթի օրվա նիստին հավանություն են տվել 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստորագրած ռազմական դիտորդների խմբի և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրի չեղարկման մասին զեկույցներին, ինչպես նաև հակամարտության գոտիներում ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի խմբերի նախապատրաստման և կիրառման ժամանակավոր ընթացակարգի մասին արձանագրության չեղարկմանը, որը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին։ Եվս մեկ փաստաթուղթ, որը կչեղարկվի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի ձևերի դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների տեխնիկանյութական անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մասին համաձայնագիրն է», - նշվում է ԶԼՄ-ների համար տարածած խորհրդարանի հաղորդագրության մեջ։
Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։
Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։
ԱՊՀ երկրների վարչապետները մշակութային համագործակցության մասին հայտարարություն են ստորագրել