ՀԱՄԱՍ-ին չպետք է բացառել Գազայի հարցով քննարկումներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ–ի գրասենյակը Նյու Յորքում
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ասել, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի բացառել քննարկումներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը չպետք է բացառել Գազայի հատվածի վերաբերյալ հետագա քննարկումներից: Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին։
«Մարդիկ, որոնց մենք դատապարտում ենք սարսափելի արարքների համար, միևնույն է, գուցե պետք է քննարկման մաս լինեն»,-հայտարարել է Գրիֆիթսը:
Նրա կարծիքով` Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ասել, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի բացառել քննարկումներից։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կարող է կառավարել Գազան` Գրիֆիթսը նշել է, որ դա «պրակտիկ չէր լինի»: Նրա կարծիքով, սակայն, կան նաև այլ տարբերակներ, այդ թվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: