Երևանի մետրոյում ուղիղ մեկ շաբաթից 3 վագոնով հերթական շարժակազմը գիծ դուրս կբերվի

Երևանի մետրոպոլիտեն. Արխիվային լուսանկար
Ամռանը մետրոպոլիտենից հայտնել էին, որ 45 նոր շարժակազմ են պատրաստվում ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում դեկտեմբերի 25-ին հերթական 3–վագոնանի 1 շարժակազմ գիծ դուրս կբերվի։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նա ընդգծեց, որ նոր` 3-վագոնանի շարժակազմն արդեն նորմալ գործում է, այն գիծ է դուրս բերվել դեկտեմբերի 11-ին։
«Դեկտեմբերի 25-ին դուրս կբերվի նորը, իսկ 2024 թվականի հունվարի 15-ին ևս մեկը»,– նշեց Սեդրակյանը։
Նա նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 559 108 ուղևոր, բայց ծրագրավորված ուղևորափոխադրումը 504 000 էր։ Ստացվում է, որ փաստացի կատարողականը կազմել է 110,9 %:
Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծեց` գիծ է դուրս բերվել 2836 գնացք։
Այս պահին գծում աշխատում է 10 շարժակազմ, որոնցից 2-ը` 3 վագոնանի, 7-ը` երկվագոնանի, իսկ 1-ը` մեկվագոնանի։
Ամռանը մետրոպոլիտենից հայտնել էին, որ 45 նոր շարժակազմ են պատրաստվում ձեռք բերել։