ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառքի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ անձնագրային և վիզաների վարչության ծառայողները օտարերկրյա շուրջ 223 քաղաքացու հատկացրել են հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանք, այն դեպքում, երբ նրանց՝ ՀՀ-ում օրինական հիմքով գտնվելու ժամկետը լրացած է եղել:
«ՀՀ-ում անօրինական հիմքերով գտնվող ութ օտարերկրացի համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողներին որպես կաշառք փոխանցելու համար 35 հազարից 50 հազար դրամ են տվել մի քաղաքացու, որը անձնագրային բաժանմունքից ստացել և նշված քաղաքացիներին է փոխանցել հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև անձնագրային բաժանմունք է ներկայացրել դրանք ստանալու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ դիմումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՍՊԸ-ներից մեկը 2022-2023 թթ. ընթացքում շահույթ ստանալու նպատակով օտարերկրյա 50 քաղաքացու ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն է ներկայացրել կեղծ տվյալներով հրավերներ, այնուհետև կազմակերպել է նշված անձանց անօրինական միգրացիան:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: