ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում Երևան–Ապարան ավտոճանապարհի` Ագարակ գյուղի հատվածում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավտոմայրուղու այդ հատվածում այս պահին մեծ թվով մեքենաների կուտակում է։
Օրեր առաջ վրացական համարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք նշում էին, որ կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը աջակցության ծրագիր է առաջարկել այն վարորդներին, որոնք կմաքսազերծեն իրենց ավտոմեքենաները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի
© Sputnik
Պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար 70 %-ի չափով։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։
Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի
© Sputnik
Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ–վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։