Չբացահայտված Սյունիք. եկեղեցի՝ Նոյյան տապանի տեսքով

Եկեղեցի՝ Նոյյան տապանի տեսքով
Սպասվում է, որ շուտով մեկնարկելու է 4-5-րդ դարերում հիմնադրված եկեղեցու վերականգնման ծրագիրը։
Sputnik
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում շատ յուրահատուկ մի վայր կա։ Թերևս հայ առաքելական միակ եկեղեցին, որ կառուցված է Նոյյան տապանի տեսքով։ Եկեղեցին գլխավոր ճանապարհից հեռու է, զբոսաշրջիկներն այստեղ հազվադեպ են հասնում, իսկ ով հասնում է, զարմացած է մնում։ Եթե մինչև եկեղեցին տեսնելը «Նոյյան տապանի նման եկեղեցի» արտահայտությունը մի տեսակ գիտաֆանտաստիկ է հնչում, տեսնելուց հետո համոզվում ես՝ ասողները ճիշտ են, ճարտարապետն այն ակնհայտորեն տապանի է նմանեցրել։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքով՝ այն մեծ վանք է եղել՝ կից շինություններով․ ունեցել է դպրանոց, վանատուն, անգամ՝ ձիանոց։ Այն եղել է Սյունյաց լեռնաշխարհի կրոնական, գիտակրթական ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը։
Տեր Ահարոն քահանա Մելքումյան
Վանքը հիմնադրվել է 4-5-րդ դարերում՝ հեթանոսական տաճարի տեղում։ Համարվում է Սյունիքի ամենահին միանավ եկեղեցին։ Սկզբնապես կոչվել է Սուրբ Գրիգորիս՝ Գրիգոր Լուսավորչի թոռ և հայոց կաթողիկոս Վրթանեսի որդու անունով։ Հայտնի է, որ Գրիգորիսը 4-րդ դարի սկզբին քրիստոնեություն էր տարածում Կովկասում, մասնավորապես, Վրաստանում և Աղվանքում։ Հեթանոսները Սուրբ Գրիգորիսին կապել են ձիերին և քարշ տվել առափնյա քարերի վրայով, մինչև նա մահացել է։ Ըստ ավանդության՝ նրա մարմինը ամփոփված է Արցախի Ամարասի վանքում։
Ինչ վերաբերում է այս վանքին, 17-րդ դարում այն վերաօծվել է ու դարձել Սուրբ Հռիփսիմե։

«Գորիսում առհասարակ շատ են Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Ինչո՞ւ․․․ Որովհետև երբ Սուրբ Հռիփսիմեի մասունքը բերում են Պարսկաստանից, որտեղ մասունքը ժամանակավոր դրել են, այդտեղ սկսել են եկեղեցի կառուցել Սուրբ Հռիփսիմեի անունով»,- ասում է Տեր Ահարոնը։

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես ցորենի պահեստ, մասնակի վերանորոգվել է 1951–1952 թթ.։
Հիմնական մուտքերից բացի եկեղեցին նաև շատ յուրահատուկ մի դուռ ունի՝ գետնից որոշակի բարձրության վրա։ Սա էլ, ըստ ճարտարապետական մտահղացման, տապանի դուռն է։ Եկեղեցու երկու կողմերում էլ քարերի յուրահատուկ ձևավորում կա։ Ըստ մասնագետների՝ դա էլ խարիսխն է։
Սպասվում է, որ շուտով կմեկնարկի եկեղեցու վերականգնման ծրագիրը։
1 / 5

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

2 / 5

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

3 / 5

Տեր Ահարոն քահանա Մելքումյան

4 / 5

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

5 / 5

Տեր Ահարոն քահանա Մելքումյան