Ճապոնիայի ջրերում սարդինա-իվասիի զանգվածային անկումը տարբեր բնական պատճառներ ունի, օրինակ՝ շարժունակության կորուստ ևթթվածնի պակաս։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ձկնաբուծության և օվկիանոսագրության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի խաղաղօվկիանոսյան մասնաճյուղում:
Դեռևս անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում սարդինաձկան զանգվածային անկման երկու դեպք է գրանցվել։ Այսօր «Իոմիուրի» պարբերականը գրել է, որ երկրի արևելքում գտնվող Միե պրեֆեկտուրայի Սիմա քաղաքի Նակիրի նավահանգստում հայտնաբերվել է մոտ 85 տոննա սատկած ձուկ: Իսկ Hokkaido-np–ն հաղորդում է, որ դեկտեմբերի 7-ին նկատվել են ձկների զանգվածային արտանետումներ Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու Հակոդատե քաղաքում:
«Հավանական է, որ սարդինաձկները փախել են գիշատիչ ձկների հետապնդումից և մտել նավահանգստի ջրեր։ Եթե գիշատիչները չլինեին, սարդինան այնտեղ չէր գնա, որովհետև նավահանգստի ջրերը այդ ձկնատեսակի համար այնքան էլ հարմարավետ պայմաններ չեն։ Արդյունքում ձկները կարող էին սատկել նավահանգստային ջրերում թթվածնի պակասի պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով Նակիրի նավահանգստում գրանցված զանգվածային անկման լուրը։
Խոսելով Հակոդատե քաղաքի մոտ ձկների արտանետման դեպքի մասին՝ մասնագետը նշել է, որ նման դեպքերը գրեթե միշտ տեղի են ունենում բնական պատճառներով:
«Հնարավոր պատճառներից մեկը գիշատիչների հետապնդումն է։ Բայց ավելի հավանական է, որ երեւույթի պատճառը կապված է շարժունակության կորստի հետ: Այս պահվածքը բնորոշ է որոշակի տեսակների և նկատվում է աշնանը բաց ծովում ջերմաստիճանի արագ անկման պայմաններում», - ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ջերմաստիճանի հետագա նվազման դեպքում այս մերձարևադարձային ձուկը կորցնում է շարժունակությունը և որոշ ժամանակ անց սատկում:
Մասնագետը հավելել է, որ սարդինաձկան շարժունակության կորուստը կապված չէ ռադիոակտիվ կամ որևէ այլ աղտոտման հետ: