ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2023 թ–ին ակնկալում է ՀՆԱ–ի 7 տոկոս աճ, իսկ 2024 թ. համար՝ 5 տոկոս։ Այս մասին նշել Է ԱՄՀ–ն՝ Հայաստանի հետ վարկային համաձայնագրի կատարման վերանայված արդյունքների մասին մեկնաբանության մեջ։
Ըստ ԱՄՀ տվյալների` 2024 թ. կեսերին գնաճը կկայունանա ԿԲ–ի 4 % նպատակային ցուցանիշի շուրջ։
Վերանայման արդյունքներով Հայաստանը ստացել է վարկի հերթական տրանշը՝ 24,4 մլն ԱՄն դոլար, իսկ վարկային միջոցների հանրագումարային հասանելիությունն աճել է մինչև 73,3 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ–ում տնտեսական աճը շարունակվել է հիմնականում սպառողական բարձր պահանջարկի, մասնավորապես` ռուսաստանցիների ներհոսքի հաշվին։
Հետևաբար, ՀՀ տնտեսության մեջ ակտիվությունը փոքր–ինչ ուռճացված է՝ իրական արտադրողականության հետ համեմատած։ ԱՄՀ–ի գնահատմամբ` հանրապետության իրական ներուժը հնարավորություն է տալիս տարեկան 4,5 տոկոս տնտեսական աճ ապահովել:
Հիմնադրամի վերլուծաբանները նշում են, որ այս մակարդակում այն կլինի միջնաժամկետ հեռանկարում, բայց կարող է աճել, եթե տնտեսության և պետական կառավարման բարեփոխումներն արդյունավետ լինեն։
ԱՄՀ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանը տնտեսության զգալի աճ է ցույց տալիս չափավոր գնաճի պայմաններում, սակայն տնտեսության մեջ պահպանվում է անորոշությունը, ուստի ԿԲ–ի և ֆինանսների նախարարության քաղաքականության մեջ զգուշավորությունն արդարացված է։
Հիմնադրամի ուշադրությունից չեն վրիպել նաև շինարարության ոլորտում և հիփոթեքային վարկերում գերտաքացման ռիսկերը: Այդ պատճառով ԱՄՀ–ն ՀՀ կենտրոնական բանկին խորհուրդ է տալիս հետևել, որպեսզի բանկերը պահպանեն կապիտալի բուֆերները չնախատեսված ռիսկերի դեպքում։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերին ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել էր մոտ 171,1 մլն դոլար վարկ՝ բյուջետային եկամուտների պակասը ծածկելու համար։
Նշենք, նաև, որ ՀՀ ԿԲ–ն երկրի տնտեսության աճի կանխատեսումը 2023 թ. համար 7,2 %–ից բարձրացրել է մինչև 8,3 %։