ՌԴ–ն մասնակցում է ՀՀ–ի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետը թվարկել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են տրանսպորտային նախագծերի իրականացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն մասնակցում է ՀՀ իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ Այս մասին Երևանում միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհային միջանցքի 4–րդ հատվածի կառուցումը, որն ըստ էության նախագծի բաղկացուցիչ մասն է. աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար։
«Հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցմանն է ներկայացվել Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու մասին որոշումը։ Այս հարցում աջակցության ծավալը կկազմի 200 մլն դոլար»,– տեղեկացրեց ՌԴ փոխվարչապետը:
Նրա խոսքով` հիմնադրամը նախատեսում է 10 նախագիծ իրականացնել ՀՀ–ում, ներդրումների պորտֆելը գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի նախագծեր քննարկման փուլում են։
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։
Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ