ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6–ը հոսպիտալացվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։
Թե ինչն է եղել Սվարյանն ասաց` դպրոցում որևէ արտառոց հոտ չի եղել։
«Ամբողջ կորպուսում երեխաները սկսել են հազալ, ուսուցիչները միանգամից տարհանել են նրանց։ Մինչև հիմա ստուգում են , չեն հասկանում ինչն է պատճառը եղել։ Կասկածում էին շմոլ գազ, բայց հերքվեց։ Կաթսայատունը 7 մետր հեռու է։ Քիմիական թունավորումը նույնպես բացառվել է, անգամ քիմիայի դաս չի եղել այդ ժամին»,– ասաց նա։
Այս պահին երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց վիճակը լավ է։
«Ծնողների հետ խոսել եմ, ապահովության համար երեխաներին կաթիլային են միացրել, շուտով կգնան տուն»,– նշեց տնօրենը։
Իրավիճակի պատճատը պարզելու համար այս պահին դպրոցում աշխատում են համապատասխան մանագետներ։