Հայտնի քրգործերը վերջապես կհանգուցալուծվեն. Կարեն Անդրեասյանը ներկայացրել է մեխանիզմը

Կարեն Անդրեասյան
ԲԴԽ նախագահի խոսքով` դատարանների բեռնաթափման արդյունքում քաղաքացիները կկարողանան խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբեր – Sputnik. Ժողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն: Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի, և մարդիկ երկարատև անորոշության մեջ չեն սպասի ճակատագրական վճիռների, եթե քրեական դատարաններում մեկ դատավորի մոտ գործերի քանակը այլևս մի քանի անգամ չգերազանցի միջին եվրոպական բեռնվածությանը»,– նշել է նա:
Անդրեասյանի խոսքով` Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փոփոխության արդյունքում՝ քրեական գործերով առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարելու դեպքում (օրինակ` խմած մեքենա վարելու) հնարավոր է մեղքն ընդունել, գալ հաշտության և ազատվել անհարկի դատարան ներկայանալու պարտավորությունից:
«Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն են ստանալու խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները, իսկ քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40 տոկոսով»,– հավելել է ԲԴԽ նախագահը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, ոչ թե դատարան։