Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է. ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի

Ավտոբուս. արխիվային լուսանկար
Ավտոբուսի վարորդի վիճակը ծանր է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, թիվը 18 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է, ինչի հետևանքով ավտոբուսը բախվել է 10 մեքենայի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ըստ սահմանված կարգի` ավտոբուսի վարորդը համապատասխան բուժզննումն անցնելուց հետո սկսել է աշխատել։ Դեպքը Կորյուն փողոցում է տեղի ունեցել։ Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, այդ ընթացքում մի քանի մեքենայի հարվածել է ու կանգ առել։ Այժմ վարորդը բուժհաստատությունում է, բժիշկների հսկողության տակ։ ԲԿ տեղափոխվելու պահին ինֆարկտային վիճակում է եղել, նրա վիճակը կայուն ծանր է գնահատվում»,– նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով` վնասվել է և՛ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոբուսը, և՛ քաղաքացիների մեքենաները։ Վնասված մեքենաների վարորդներին կփոխհատուցի ավտոապահովագրական ընկերություններից մեկը, որը պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ։ Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ–ն վարորդին տույժ չի նշանակի։
Պարզվել է` ինչ է տեղի ունեցել Մուսալեռի դպրոցում. 3 աշակերտ դեռ հիվանդանոցում է