ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչներ տրամադրելու առաջարկ ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին: Նա այդ մասին ասել է լրագրողներին։
Ավելի վաղ «Hürriyet» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանն ու Բայդենն առաջիկայում մի շարք հարցեր կքննարկեն հեռախոսով, այդ թվում՝ F-16 կործանիչների վաճառքը:
«Բայդենը նշել է, որ դրական կարծիք ունի (F-16-ի վերաբերյալ) և պատրաստ է իր առաջարկը ներկայացնել Կոնգրեսին», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 2022 թվականի հուլիսին պաշտպանական բյուջեի վերաբերյալ փոփոխություն կատարեց, որով ԱՄՆ վարչակազմին արգելվում է Թուրքիային վաճառել նոր F-16 ինքնաթիռներ և դրանց արդիականացման բաղադրիչներ, քանի դեռ Թուրքիան խախտում է Հունաստանի օդային տարածքը։ Մինչ այդ Թուրքիան հանվել էր հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրից՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով։