Արցախից տեղահանված 41 բուժառու շարունակում է բուժում ստանալ ՀՀ բուժհաստատություններում

Հիվանդներից 2–ի վիճակը դեռ ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարբեր բուժհաստատություններում այս պահի դրությամբ շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 պացիենտ, որոնցից 2–ի վիճակը ծանր է։ Տեղեկությունը կառավարության ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
«20 բուժառու շարունակում է ցերեկային ժամերին ստացիոնար բուժում ստանալ։ Տարբեր երկրներում բուժում ստացող 20 անձանցից 6–ը ՀՀ են վերադարձել»,–ասաց նա։
Նրա խոսքով` 14 հիվանդ շարունակում են բուժումը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Բուլղարիայում և ԱՄՆ–ում։
Սեպտեմբերի 24-ից ի վեր ՀՀ–ում մահացել է 44 բռնի տեղահանված, մեծ մասը` պայթյունից տուժածներ
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։