ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ շրջանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության վարչության առնվազն 12 աշխատակից, յոթը վիրավորվել են: Տեղեկությունը հայտնել է նահանգի վարչական կենտրոնի` Զահեդան քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել կեսգիշերին Ռասկ շրջանի ոստիկանական բաժանմունքում:
Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում և սահմանակցում է Աֆղանստանին ու Պակիստանին, թմրանյութերի շրջանառության և ահաբեկչության դեմ պայքարող սահմանապահների մահվան պատճառով հաճախ է հայտնվում լրատվամիջոցների գլխագրերում: