Օրավարձով տան տերը պետք է կադաստրում քնի. նոր օրենք, նոր խնդիրներ

Անշարժ գույքի վարձակալության շուկայում գների անկում է կանխատեսվում։ Գնանկման պատճառների ու նախադրյալների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է «House Key» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Անշարժ գույքի վարձակալության գործարքները չգրանցելու համար դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած տուգանքները շուկայում հակասական տրամադրություններ են առաջացրել։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «House Key» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանը։
«Մի մասը մտածում է ավելացնել այդ գումարը վարձակալների վրա։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց եկամտի հաշվին վճարել։ Շուկան ինքը կկարգավորի, դեռ սպասողական վիճակ է»,– ասաց մեր զրուցակիցը։
Այդուհանդերձ, նոր կարգավորումը, նրա գնահատմամբ, գների լուրջ ավելացում չի առաջացնի, քանի որ ներկա պահին շուկայում ավելի շատ գների անկում է կանխատեսվում։
«Շուկան հիմա լճացած է, ընդհանրապես կանգնած է։ Վարձով բնակարանների պահանջարկ ընդհանրապես չկա։ Այս վիճակը, երբ պահանջարկը զրո է, բայց լիքը առաջարկ կա, բնական է, որ բերելու է գների անկման, ինչն ուղղակիորեն ազդելու է նաև վաճառքի գների վրա»,– նկատում է մասնագետը։
Իսկ թե ինչու ստեղծված իրավիճակում գները միանգամից չեն նվազում, Կարապետ Հովհաննիսյանը բացատրում է այն հանգամանքով, որ բնակարանների սեփականատերերն առայժմ չեն հաշտվում ցածր գների գաղափարի հետ։
«Մի մասը թանկ վերանորոգումներ արեցին` ոգևորված տուրիստների նորհոսքով։ Հիմա, պարզ է, որ 20-30 հազար դոլարանոց վերանոոգումից հետո չեն հաշտվում էժան վարձով տալու մտքի հետ։ Պարզ է, որ թանկ վերանորոգումից հետո շատերը չեն համաձայնի 100 000 դրամով վարձով տալ, քանի որ շատ ավելի բարձր եկամուտ էին ակնկալում։ Հետևաբար, այդ բնակարանների մի մասը կգնա վաճառքի շուկա»,– պարզաբանում է Հովհաննիսյանը։
2024-ից ՀՀ–ում ստիպված կլինեն տուգանք վճարել բնակարանների ստվերային վարձակալության համար
Վարձով բնակարանների պահանջարկի անկումը մասնագետը դիտարկում է շուկայում անցած տարվանից սկսած խիստ բարձրացած պահանջարկի համատեքստում։ Ըստ նրա` շատերը, ոգևորված նոր իրողություններով, բնակարաններ գնեցին, որպեսզի վարձով տան ու հեշտ գումար աշխատեն։ Արդյունքում առաջարկն այնքան ավելացավ, որ այսօր արդեն գերազանցել է պահանջարկը։
Ինչ վերաբերում է վարձակալության գործարքների գրանցմանը, «House Key» անշարժ գույքի գործակալության փոխտնօրենը նշում է, որ իրենք ոչ միայն դեմ չեն ստացվող եկամտի հարկմանը, այլև իրենց հաճախորդներին հորդորում են աշխատել հարկային դաշտում։ Բայց իրենց ամենօրյա աշխատանքում արդեն իսկ բացահայտել են օրենքի մի շարք անկատարություններ, որոնց հետևանքով թե՛ քաղաքացին, թե՛ պետական մարմինները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

«Օրինակ` օրավարձով տրվող տան տերերը պետք է ամբողջ օրը կադաստրում լինեն, որովհետև ամեն օր իրենք նոր գործարք պիտի գրանցեն։ Երևի պետք է մի հատ «լեժանկա» վերցնեն, գնան, կադաստրում քնեն։ Դա և՛ այդ մարդկանց համար է խնդիր առաջացնելու, և՛ հարկայինում են հերթեր առաջանալու։ Երևի ինչ–որ կարգավորում է պետք մտածել, միջինացված ինչ–որ արժեք, որ մարդիկ մեկ ամսվա կտրվածքով վճարեն»,– առաջարկում է Հովհաննիսյանը։

Մեկ այլ խնդիր է, նրա գնահատմամբ, համահավասարեցված մոտեցումը 1 համեստ բնակարան վարձով տվող և Հյուսիսային պողոտայի մի քանի տասնյակ բնակարաններ վարձով տվող անհատների միջև։
«Մարդիկ կան` Հյուսիսային պողոտայում 20-ից ավելի անշարժ գույք ունեն, որոնցից ամիսը 50 000–ից ավելի գումար են ստանում։ Սա շատ ավելի մեծ հավաքագրում է, քան փոքր հյուրանոցների ամսական հավաքագրումը։ Ստացվում է, որ 10-20–համարանոց «հյուրանոցը» 20– տոկոսանոց հարկման դաշտում է։ Եթե գնում ենք օրինական դաշտ, ապա այս մարդկանց էլ պետք է դիտարկել որպես խոշոր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողի»,– առաջարկում է ոլորտի մասնագետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Գործող օրենքը տուգանքներ է սահմանում վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատերերի համար, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած գումարներից պետությանը եկամտահարկ հարկ չեն վճարում։
Վարձով բնակարան հանձնողներին տուգանելով` ոլորտային խնդիրները չեն լուծվի. Արտյոմ Պրիբիլսկի
Տուգանքի չափերը փոքր չեն` անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 % չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։
Բնակարանի վարձակալությունից եկամտահարկը հաշվարկվում է վարձակալության պայմանագրում նշված գումարի 5 տոկոսի չափով։ Օրինակ` 200 000 դրամանոց բնակարանի դեպքում` ամսական 10 000 դրամ։