«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում խաղաղության հասնելու ՀՀ օրակարգի սյուներից է. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, առավել քան շահագրգռված է տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկն է: Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) նախարարական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Դրա նպատակն է կապել Արևմուտքն Արևելքի, ինչպես նաև Հյուսիսը Հարավի հետ, իսկ տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման միջոցով էլ նպաստել քաղաքական երկխոսությանը և տարածաշրջանում լայնամասշտաբ ու կայուն խաղաղության հաստատմանը»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, առավել քան շահագրգռված է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմամբ՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգանքի հիման վրա:
Միրզոյանն անդրադարձավ նաև դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների գոտում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ այն բարդացել է կապի և լոգիստիկայի բացակայության, հարևան երկրների տարանցումից կախվածության պատճառով։ Բացի այդ, այն բավականաչափ կապված չէ տարածաշրջանային ցանցերի հետ, ինչը հանգեցնում է պարենի և վառելիքի գների զգալի աճի։
ԱԳ նախարարը շեշտեց` այս ամենի վրա բացասաբար է ազդել նաև համաշխարհային ճգնաժամը, այդ թվում` COVID-19 համավարակը և աշխարհաքաղաքական լարվածությունը։ Այսպիսով, LLDC երկրների համար տարանցիկ տրանսպորտի արժեքը մնում է բարձր:
Նշենք, որ դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ։
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան