ՀՀ–ում կհեշտացնեն ֆիլմերի և համերգների համար սարքավորումների ներմուծումը

Music of Armenia
Սարքավորումները, որոնք ֆիլմերի և համերգների կազմակերպման նպատակով ժամանակավորապես ներմուծվում են Հայաստան, կազատվեն ազգային անվտանգության պահանջների ստուգումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կհեշտացնեն էլեկտրոնային սարքավորումների ժամանակավոր ներմուծումը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մի շարք էլեկտրոնային սարքեր և դետալներ Հայաստան ներմուծելիս պետք է անցնեն անվտանգության ստուգում: Բացառություն է արվում միայն անձնական օգտագործման էլեկտրոնիկայի որոշ տեսակների համար:
Նման ընթացակարգը պետք է իրականացվի նույնիսկ այն դեպքում, երբ սարքավորումները ժամանակավորապես են ներմուծվում: Այդ պատճառով ՀՀ–ում բարդանում է արտասահմանյան ֆիլմերի նկարահանումների, համերգների անցկացումը, քանի որ կատարողներն իրենց հետ բերում են բեմական սարքավորումներ։
Դժվարություններ են առաջանում նաև առցանց առևտրի օպերատորների համար. եթե հաճախորդը գնել է որևէ էլեկտրոնային սարք, որն այնուհետև ցանկանում է հետ վերադարձնել, ապա առցանց մարկետփլեյսը պետք է թույլտվություն խնդրի դրա համար:
Այսօրվա որոշմամբ նշված ստուգման ընթացակարգերը չեն տարածվի ֆիլմերի, համերգների, փառատոների համար նախատեսված սարքավորումների ժամանակավոր ներմուծման վրա: