Հայաստանն ու Բոտսվանան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն այսօր ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` սա նոր էջ է երկու երկրների հարաբերություններում։
«Լիահույս ենք` հետագայում մեր աշխատանքի շնորհիվ, նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, մինչև գիտություն, կրթություն, նաև համագործակցություն միջազգային հարթակներում»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Լեմոգանգ Կվապեն էլ նշել է, որ երկու երկրներն ունեն նման անցյալ ու նման իրավիճակների միջով են անցել, ինչպես նաև երկու երկրներն ունեն այլ նմանություններ` փոքր պետություններ են, նման են տնտեսական իրավիճակները, բնակչության թվաքանակը ևս մոտ է:
«Ամենակարևորը՝ մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, զարգացման արժեքներ: Եվ այսօրվա մեր հանդիպումը վկայում է դրա մասին»,-ասել է Բոտսվանայի ԱԳ նախարարը:
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Գործընկերության ոլորտների մասին խոսելիս նա նշեց՝ զրույց են ունեցել նաև ադամանդի մասին:
Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու: