Ադրբեջանը դեմ է ՀՀ–ի առաջարկին և ուզում է, որ Թուրքիան էլ մասնակցի բանակցություններին

Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը
Բաքվում կարծում են, որ քանի դեռ սահմանազատում չի իրականացվել, զորքերի հետքաշման մասին խոսելն անիմաստ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններին Անկարայի մասնակցությունը օգտակար կլիներ Երևանի համար։ Այս հայտարարությունն արել է Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը միշտ բացահայտ արտահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ադրբեջանը սատարել է երկկողմ հիմքի վրա բանակցությունների անցկացմանը, այդ թվում՝ երրորդ՝ անկողմնակալ կողմի մասնակցությամբ։ Թուրքիան նույնպես Հայաստանի հարևանն է։ Որպես տարածաշրջանի երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը հետևի այդ տրամաբանությանը, ապա նրա համար օգտակար կլիներ տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է Բայրամովը։
Նա նաև մեկնաբանել է սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որն արել է հայկական կողմը` նշելով, որ այն անընդունելի է Բաքվի համար։ Բայրամովն իր դիրքորոշումը հիմնավորել է սահմանազատման բացակայությամբ։
«Եթե զորքերը հետ քաշվեն, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Նա նշել էր, որ հայկական կողմն է հանդես եկել այդ նախաձեռնությամբ` հարելով, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։