ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
Նշվում է, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի։
Հայտնել էինք, որ ՀՀ վերադարձող հայ ռազմագերիները գերեվարվել են 2020 թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ու հենց ԼՂ–ում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Նրա խոսքով` գերիների փոխանակությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։