Նույն տնից չեն, նույն օրի են. 33 արցախցի դեռ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է

Արցախցի Կարինե Աղաջանյանն ու իր որդդին Գյումրիում
Բռնի տեղահանված այս անձինք Արցախի տարբեր շրջաններից են, բայց նրանց նույն հոգսերն ու խնդիրներն են կապում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկում այս պահին շարունակում է Արցախից բռնի տեղահանված 33 անձ մնալ։ Այնտեղ բնակություն հաստատած արցախցիները հիմնականում միայնակ են կամ 2 անձից բաղկացած ընտանիքներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում բոլորը միաբերան պնդում էին՝ տեղափոխվել չեն պատրաստվում՝ 1 կամ 2 հոգուն պետության տրամադրած գումարը բավարար չէ Գյումրիում տուն վարձակալելու համար:
Բնակիչներից մեկը 50–ամյա Կարինե Աղաջանյանն է` Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքից։ Գյումրի է եկել 16–ամյա որդու հետ, որը ողնաշարի խնդիր ունի: Ավագ որդիներն ամուսնացած են՝ իրենց ընտանիքների հետ վարձով են բնակվում։ Ինքը կրտսեր որդու հետ սկզբում տեղափոխվել է Վայք, այնտեղից էլ Գյումրի։
Արցախցի Կարինե Աղաջանյանն ու իր որդդին Գյումրիում
«Այստեղ հարմարվել եմ: Չեմ կարող այլ տեղ գնալ՝ գումարը քիչ է վարձակալության համար, սնվե՞նք, թե՞ վարձ տանք․․․պետությունը 6 ամիս է գումար տրամադրելու, բա դրանից հետո ինչ անենք»- ասում է Կարինեն, որը հիմա գուլպաներ է գործում ու վաճառում։
Արդեն 1 խմբաքանակ գնել են իր մոտից, ասում է, եթե թելը շատ լինի, բաճկոնակներ էլ կգործի ու կվաճառի։
Կարինեն նաև շուրջ 3 ամսվա թոշակ չի ստացել, ու չնայած պետությունն ապրելու տարածք տրամադրել է, տարբեր կազմակերպություններ ու կառույցներ էլ պարբերաբար սննդով են օգնում, բայց դեռ շատ խնդիրներ ունի լուծելու։
«Պակաս բաներ շատ ունենք՝ արդուկ, սպասք, թելեր, հեռուստացույց։ Ամենաշատը չեմ ուզում, որ էստեղից այլ տեղ գնանք»,- նշում է Կարինեն։
Նույն շենքում է ապրում նաև Յաշա Բաղդասարյանը, որն իր որդու` Մասիսի հետ է։ Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է` հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Յաշան ու Մասիսն արդեն երկրորդ անգամ են տեղահանվել. 44-օրյա պատերազմից առաջ Շուշիում էին բնակվում, դրանից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ, այժմ էլ Գյումրիում են։ Իրենց հետ ոչ մի բան չեն կարողացել վերցնել։
Յաշա Բաղդասարյանը որդու` Մասիսի հետ
«Թոշակ չեն տալիս, տների վարձն էլ շատ բարձր է, այդ գումարով չենք կարող տուն վարձակալել։ Փառք Աստծո, այստեղ տաք է, բայց խնդիրներ շատ ունենք»,-ասում է Յաշան։
Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկն այս պահին հանձնված է Արցախից բռնի տեղահանված անձանց։ Չեն դժգոհում՝ տանիք ունեն, տաք է, սնունդ ու առաջնային անհրաժեշտության իրեր էլ ինչ-որ չափով ևս ունեն, բայց առաջնային է իրենց հետագա կարգավիճակի հարցը։