ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ որպես պատգամավոր` գաղտնիության հասանելիություն ունի, բայցխաղաղության փաստաթուղթը չի տեսել, սակայն համադրելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները` կարող է դատողություն անել, թե ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ։
«Այն փաստաթուղթը, որ պարտադրվել է ՀՀ–ին, շատ անորոշ ձևակերպումներ է ունենալու, որը Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել»,– նշեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա` դեռ չի հասունացել այն պահը, որ պայմանագիրը ստորագրվի։ Պատգամավորի համոզմամբ` գոնե տարեվերջյան այս 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։