Ինչու են տարբերվում դեպի Ադրբեջան երկաթուղու նորոգման ծախսերի գնահատականները. պարզաբանում

Երկաթուղու վերանորոգում
ՀՀ ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման նախարարության տրամադրած տվյալները խիստ տարբեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղային գծերի վերանորոգման վերաբերյալ տվյալները, որոնք հնչեցրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, միջազգային կառույցների փորձագիտական վերլուծության արդյունքներն են։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ գրել էինք, որ այդ երկաթուղային գծերի վերականգնման արժեքի վերաբերյալ ՀՀ իշխանությունների գնահատականները կտրուկ փոխվել են վերջին 2 տարվա ընթացքում: Ֆինանսների նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել 2021/2022 և 2023 թվականների գնահատականների տարբերությունը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում երկաթուղային գծի վերականգնման գնահատման վերաբերյալ, հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է դեռևս 2021 թվականին միջազգային կառույցների կողմից արված էքսպերտային վերլուծությանը: Ծրագրի վերաբերյալ կատարվել են տարբեր գնահատումներ, սակայն վերջնական հաշվարկները պարզ կլինեն նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից հետո»,– ասված է ֆինանսների նախարարության պատասխանում։
Հիշեցնենք` Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հրազդան-Իջևան-Ղազախ երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ երկաթուղին (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի–Ախուրյան կայարանինը` (Թուրքիայի հետ սահման, խմբ.)՝ 8-9 մլն դոլար։
Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը 2021/2022 թթ. դրանք գնահատել է համապատասխանաբար 496 մլն դոլար, 226 մլն դոլար և 16,8 մլն դոլար։