ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Վաշինգտոնում սպասվող հանդիպումը տեղի կունենա 2024 թ. հունվարին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման համար։ Չկա վերջնական նախագիծ, բայց հույսն այն է, որ ԱԳ նախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը (Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը) այդ տեքստը վերջնական կհամաձայնեցվի»,– նշեց Մարուքյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերի 7-ին հայտարարել էր` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց` նշելով, որ հայկական կողմը դրական է արձագանքել Բլինկենի առաջարկին: