Մեղադրող կողմը դատարան կներկայացնի Դոնալդ Թրամփի հեռախոսից վերցված տվյալները. ԶԼՄ

Դոնալդ Թրամփ
Տվյալները կօգնեն բացահայտել Թրամփի` Սպիտակ տանը գտնվելու վերջին շաբաթների մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականի ընտրություններին միջամտելու գործով մեղադրող կողմը պատրաստվում է դատարանին տվյալներ ներկայացնել այն բջջային հեռախոսից, որից օգտվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, երբ իբր փորձել է խափանել ընտրությունները։ Տեղեկությունը հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Ըստ թերթի՝ հատուկ դատախազ Ջեք Սմիթը պատրաստվում է ստացած տվյալները երդվյալ ատենակալներին ներկայացնել ցույց տալու համար, թե ինչպես է Թրամփն օգտագործել հեռախոսը այն շաբաթներին, երբ փորձել է խափանել 2020 թվականի ընտրությունները։
Պարբերականը նշում է, որ տվյալները կօգնեն հետաքննությանը բացահայտել Սպիտակ տանը Թրամփի գտնվելու վերջին շաբաթների մանրամասները, այդ թվում՝ նրա ամենօրյա տեղաշարժերը, Twitter-յան սովորույթները։
Հիշեցնենք` 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսի աշխատանքը։ Երբ ցուցարարներին դուրս բերեցին շենքից, կոնգրեսականները հաստատեցին Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հետագայում ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին հարձակմանը մասնակցելու մեղադրանքներով։ Թրամփին մեղադրանք է ներկայացվել չորս հոդվածով։