ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ

Կոմիտեի նիստում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ-ում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից։
Նշվում է, որ այսօր Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: ՀՀ-ն կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:
Նիստին ներկա ՀՀ պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:
«Բազմաթիվ վկայություններ կան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքերի վերացման մասին ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի շրջանում և Ադրբեջանի այլ հատվածներում։ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկած և երկրորդ արձանագրության կոմիտեի կողմից աջակցվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից»,-ասել է նա:
Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են: