ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի տեսքով փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 1231 ուսանողի և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 1844 ուսանողի ուսման վարձը։ Այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Նրա խոսքով` առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը կհաստատի մի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19–ը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ներդնել։
«Դրանք այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը կամ ուսանողների ծնողները»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։