ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրաբուս» միջպետական ծրագրի մշակմանը: Տեղեկությունը հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի քարտուղարությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը դեկտեմբերի 12-ին հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրաբուս» միջպետական ծրագրի նախագծի մշակմանը։ Փաստաթուղթը պատրաստվել է Բելառուսի նախաձեռնությամբ՝ ի լրումն հանձնաժողովի խորհրդի՝ սույն թվականի փետրվարի 15-ի` էլեկտրամոբիլաշինության ոլորտում նախագծերի ձևավորման և իրականացման ժամանակ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին հանձնարարականի», - նշված է հաղորդագրության մեջ։
ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի խոսքով՝ միջպետական ծրագրի գլխավոր նպատակը ԵԱՏՄ-ում արտադրված, «բարձր լոկալիզացիա ունեցող» արտադրանքում էլեկտրաբուսների միութենական շուկայի պահանջների բավարարումն է:
Նախարարի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մի շարք խնդիրներ լուծել՝ թարմացնել սարքավորումներն ու կարգավորել էլեկտրաբուսների համար հանգույցների և ագրեգատների սերիական արտադրությունը, ավելացնել նման բաղադրիչների թողարկման ծավալը: Այլ կարևոր խնդիրների թվում են էլեկտրական ավտոբուսների արտադրության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական իրավասությունների զարգացումը, կոմպոնենտների արժեքում ներմուծման բաղադրիչի կրճատումը:
Միջպետական ծրագրի նախագծի մշակմանն ու իրականացմանը իրենց մասնակցությունը հաստատել են «Այրոն ստրիմ» ՍՊԸ-ն (Հայաստան), «ՈւԿԽ Բելկոմմունմաշ» ԲԲԸ-ն, Բելառուսի ԳԱԱ մեքենաշինության միացյալ ինստիտուտը, «ՄԱԶ» ԲԲԸ-ն (Բելառուս), «Կամազ» ՀԲԸ-ն, «ՌԵՆԵՐԱ» ՍՊԸ-ն (Ռուսաստան):