Աննշան թվացող խախտումը կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ–ի ուժեղացված ծառայության արդյունքները

Մահվան ելքով վթարի պատճառ են դարձել ոչ թույլատրելի հատվածով փողոցներ հատելը, վարորդի կողմից ոչ թույլատրելի հատվածով վազանց կատարելը, ոչ սթափ վիճակում վարելը։
Sputnik
Պարեկային ծառայության` մարզերում ուժեղացված ծառայության իրականացնելու արդյունքում նվազել են ՃՏՊ-ները, զոհերի ու վիրավորների թիվը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը մարզերում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 529 պատահար։
«Նախորդ ամսվա համեմատ պատահարները նվազել են 291 դեպքով։ 250 դեպքով նվազել են նյութական վնասով, 31-ով՝ մարմնական վնասվածքի և 10 դեպքով՝ մահվան ելքով պատահարները։ Նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների և մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը. զոհերը՝ 13-ով, իսկ մարմնական վնասվածքներ ստացած անձինք՝ 53-ով»,-նշվում է հաղորդագրությունում։
ՆԳՆ-ից նշում են, որ նշված ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի հատվածով փողոցներ հատելը, վարորդի կողմից ոչ թույլատրելի հատվածով վազանց կատարելը, մեքենայի կառավարումը կորցնելը, ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկելի գոտի անցնելը և արագության գերազանցումը։
Իսկ մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել վարորդների կողմից արագության գերազանցումը, հանդիպակաց գոտի դուրս գալը, ճանապարհների լուսավորված չլինելը և ոչ սահմանված վայրով վազանց կատարելը։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 34 վարորդ. ուժեղացված ծառայություն Երևանում
Նախարարությունը դիմում է երթևեկության մասնակիցներին՝ ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։
ՆԳՆ-ն հիշեցնում է, որ առաջին հայացքից աննշան թվացող խախտումը կարող է կյանք արժենալ երթևեկության մասնակցի համար և ողբերգություն դառնալ նրա հարազատների համար։