ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ջրօգտագործման փակ համակարգով ձկնաբուծարանները Հայաստանում չեն կարող գործել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գործող «Բիգամա Ֆրուտ» հայ–ռուսական համատեղ ձեռնարկության տնօրեն Գալուստ Մարանդյանը, որը նման եզրակացության է հանգել սեփական փորձով` 6 տարի առաջ անցնելով ջրի խնայողական համակարգի օգտագործման։
«Ինձ մոտ 2017թ–ից ՄԱԿ–ի ծրագրով, կառավարության հետ պայմանագրով, տեղադրված է հենց այդ խնայողական փակ ցիկլի համակարգը։ Ծրագրի բոլոր թերությունների մասին ես և՛ կառավարությանն եմ տեղյակ պահել, և՛ ՄԱԿ–ի ծրագրի համակարգողներին։ Փակ ցիկլը մի կողմից ջրի խնայողություն է, բայց մյուս կողմից ձկնաբուծության վերջն է։ Դրանով ձկնաբուծությունն ավարտվում է»,– ասաց գործարարը։
Գալուստ Մարանդյանի պարզաբանմամբ` Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս ջրի փակ համակարգը անցնցում կիրառել այնպես, ինչպես դա արվում է եվրոպական երկրներում կամ ՌԴ–ում։
«Երբ դրսում եղանակը 30 աստիճան է, շրջանառվող ջրի ջերմաստիճանը 20 աստիճան է։ Իսկ 20 աստիճանի դեպքում իշխանը սատկում է` մասսայական անկում է ապրում։ Իսկ արարատյան դաշտի ամառվա 45 աստիճանի ժամանակ ջուրը մինչև 40 աստիճան տաքանում է։ Ձուկը, բնականաբար, այդ ջերմաստիճանի պայմաններում չի ապրի։ Իսկ ցուրտ եղանակներին, երբ ջրի ջերմաստիճանն իջնում է մինչև 16 աստիճան, ձուկը կրկնակի թթվածին է ծախսում։ Թառափը սառը ջրի մեջ` 11-12 ատիճանից ցածր պայմաններում, կեր չի ուտում։ Այսինքն` մենք տաք եղանակին` 5-6 ամիս, կերակրում ենք, բայց հենց եղանակը ցրտում է` ձուկը նորից նիհարում է»,– համակարգի խնդիրներն է ներկայացնում մեր զրուցակիցը` հավելելով, որ կորուստներից խուսափելու համար եղանակի փոփոխության հետ ձկան ողջ պաշարը տարին առնվազն 2 անգամ պետք է տեղափոխվի տվյալ եղանակին հարմարեցված ջրավազաններ։
Բացի, այդ, նրա խոսքով, ջային փակ համակարգը բացասաբար է ազդում նաև ձկան համային հատկանիշների վրա։ Ձկան մսից ու խավիարից սկսում է ձկան կեղտի` ամյակի համ գալ, որը հաճախ շփոթում են տիղմի համի հետ։
«Ստիպված ձուկը նախօրոք տեղափոխում ենք մաքուր ջրով ջրավազաններ, մի 4-5 օր պահում ենք, նոր այդտեղից վաճառք ենք անում։ Հակառակ դեպքում կեղտի համը գալիս է, չնայած և՛ բիոֆիլտրեր ունենք տեղադրված, և՛ մեխանիկական ֆիլտրեր։ Ամեն ինչով հագեցված ձկնաբուծարան է»,– պատմում է Մարանդյանը։
Հայտնել ենք, որ խորհրդարանում նոյեմբերի վերջին ընդունված Ջրային օրենսգրքի փոփոխություններով նախատասվում է խորքային հորերից ստացվող քաղցրահամ ջրերով աշխատող ձկնաբուծարաններում մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրել փակ շրջանառու համակարգեր։
Նոր իրավակարգավորման դեմ բողոքող ձկնաբույծներն արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են իրականացնում` հանդիպում պահանջելով շրջակա միջավայրի նախարարի ու վարչապետի հետ։ Նրանք պնդում են, որ նոր օրենքի պատճառով ստիպված են լինելու փակել ձկնաբուծարանները, արդյունքում տասնյակ բիզնեսներ կփակվեն, 15-20 հազար մարդ կմնա առանց աշխատանքի։
Գալուստ Մարանդյանը, որն արդեն իսկ փակ համակարգով աշխատելու դառը փորձ ունի, նույնպես մասնակցում է բողոքի ակցիաներին` գործընկերներին սպասվող դժվարությունների մասին տեղեկացնելու ու դրանցից զերծ պահելու համար։
2006թ–ից ձկնաբուծությամբ զբաղվող գործարարի հաշվարկով` եթե կառավարությունը չվերանայի հունվարից ուժի մեջ մտնող օրենքը, Հայաստանում գործող 270 ձկնաբուծրաններից 200-ը կսնանկանան։
«Կարելի է աստիճանաբար կրճատել ջրի ծախսը։ Չէ՞ որ մարդիկ ներդրումներ են արել։ Եթե մինչև տարեվերջ բոլորն իրենց օգտագործած ջուրը 40-50 տոկոսով կրճատեն, նաև շրջանառվող ջրի տաքացման վնասը հաշվի առնեն, մինչև տարեվեջ բոլորը սնանկացած իրենց տները կծախեն։ Տնտեսությունն էլ կկորչի, կգնա»,– նշում է Մարանդյանը։
Ջրային ռսուրսների խնայողության մասին մտահոգվող կառավարությանը Մարանդյանը խորհուրդ է տալիս քննարկել խնդիրը ոլորտի ներկայցուցիչների հետ, լսել նրանց առաջարկները և ձկնաբուծարանների համար հավելյալ խնդիրներ ստեղծելու փոխարեն պայքարել իրական ջրագողերի դեմ։
«Դա դեռ Արամ Հարությունյանի (բնապահպանության նախկին նախարար, –խմբ.) ժամանակ պիտի անեին` 80 հոր պիտի կոնսերվացվեր` 4-ը կոնսերվացրին, մնացածի փողերը կերան։ Դաշտերում այսօր 700 անտեր հորեր կան, որոնց ջուրն անտեղի գնում է։ Իրենց թվերն է, իրենք էլ գիտեն։ Գիտեն նաև, թե ովքեր են գողանում` 3-4 հոգի մեծ գողացողների որ ստիպեն փակել, դա հավասար է բոլոր ձկնաբուծարաններից անկնկալվող կրճատման։ Ամեն մեկը վայրկյանում 500 լիտր ջուր է գողանում»,– ասաց Գալուստ Մարանդյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: